ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:
«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը: Մենք դեռևս կարիք չունենք օգտագործելու ռուսական 102-րդ բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում առկա են բոլոր իրավական հիմքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, ապա սեպտեմբերի 29-ին ագրեսիա սանձազերծել նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Արցախում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում