Փաստ մեկնաբանությամբ

Սարսափած եմ այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից. ԵԽ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Սարսափած եմ այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատիկ Բերգը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարձակումը, շեշտում՝ միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու ադրբեջանական կողմի հետքաշումը: Եվրախորհրդարանի պատգամավորը համոզմունք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Ես լիովին դատապարտում եմ հանգստյան օրերին Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հարձակումները: Սարսափած եմ նաև այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից՝ հատկապես հաշվի առնելով հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպանության պատմությունը»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը համաձայնել է ԵԱՀԿ շրջանակում քաղաքական գործընթացին, նշեց՝ պարզվում է, սակայն, որ միայն Հայաստանն է կատարում իր ստանձնած պարտավորությունները: «Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու Ադրբեջանի հետքաշումը և վերադառնալու միջազգային համաձայնեցված բանակցություններին»,-ասաց Լարս Պատիկ Բերգը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում