Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա 
օրենսդրական նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներով պատրաստվում է մասնագիտական աշխատանք տանել և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լսումներից հետո իր ամփոփիչ ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Իրավիճակը մնում է ծանրագույն, ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային տոկոսային գերության մեջ: Իրականում համոզված եմ, որ բոլոր 132 պատգամավորները, կառավարության անդամները, Կենտրոնական բանկի անդամները օրական ստանում են բազմաթիվ նամակներ, որտեղ գրված է՝ կորցնում են տուն, ապրուստի միջոց, հող և այլն»,-ասաց նա ու հավելեց՝ վարկ վերցնողներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այսպիսի իրավիճակ կլինի:

Նա նշեց, որ եթե պետությունն իր վրա վերցնում է պատասխանատվություն, ասում, որ քաղաքացիները պետք է ապրեն որոշակի սահմանափակումների մեջ, ապա պետությունը նաև պարտավոր է իր վրա վերցնել բոլոր գոյացող բացասական հետևանքները: Աբովյանի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի պետության սուբսիդավորմամբ  կամ բանկային համակարգի հետ որոշակի պայմանավորվածությամբ:

Աբովյանը վստահեցրեց, որ բոլոր գաղափարները, հնչեցված առողջ մտքերը փորձագիտական խմբի կողմից արձանագրվել են: «Եվ անպայման բոլոր թեմաների շուրջ լինելու է շատ խորը մասնագիտական աշխատանք, որ հետագայում մենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ԱԺ-ում»,-նշեց նա:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը  լսումներում մասնավորապես նշել էր, որ Հայաստանում 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը: Նա շեշտել էր նաև, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ. ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Վարկերից ստացված տոկոսներից բանկերը պետք է կատարեն ավանդատուների նկատմամբ իրենց պարտավորությունները:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ