Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող 
ֆիզիկական անձանց շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարակատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում:

Նա հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները:

«Մի շարք մասնագետներ կան, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում, սակայն չեն ցանկանում գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր կամ այլ սուբյեկտներ: Բայց մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք այդ ցանկում լինեն: Ներառել եմ լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»,-ներկայացրեց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը սկզբանապես բացասական վերաբերմուք է ունեցել այս նախագծի մասով: «Գործող կարգավորումների համաձայն՝ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ, առանց այս օրենսդրական փոփոխության, հնարավոր է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է որպես անհատ ձեռնարկատեր: Քաղաքականությունը, որ ֆիզիկական անձը, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, գոնե հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր,  կարևոր է այն իմաստով, որ այդ պարագայում ֆիզիկական անձը դառնում է հարկային մարմնի համար ավելի հասկանալի, թափանցիկ գործընկեր, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, ավելի վերահսկելի դաշտում է գործում»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարությունը վստահ է, որ հարկման այս արտոնյալ համակարգը նախատեսված է հենց այդ ֆիզիկական անձի համար:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am