Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը նպաստելը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն:

«Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4 մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները:

«Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ, պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»:

Խաչատրյանը հայտնեց, որ 1250 կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար:

«Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում