Պատգամավորը արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում իրավական խնդիրներ է տեսնում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կողմ է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, և դրան փոխարինեն այլ գործիքակազմեր, սակայն կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում իրավական առումով խնդիրներ է տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
Պատգամավորը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմն իրավացիորեն օր առաջ պետք է ավարտվի, և դրան պետք է փոխարինի այնպիսի գործիքակազմ, որը համաչափորեն կպայքարի համավարկի դեմ: Սակայն նաներկայացված օրենսդրական նախաձեռնությունում իրավական խնդիրներ է տեսնում: «Այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային առողջապահական կազմակերպության որոշումները պետք է պարտադիր լինեն այդ բնագավառում ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը: Այս դրույթը պետք է ամբողջությամբ հանել, ինչքան էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը:
Պատգամավորը ինքնամեկուացման և մեկուսացման կարգին առնչվող հարցերում ևս որոշակի խնդիրներ մատնանշեց:
Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում:
Աննա Գրիգորյան