Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամավարկային ներկա խթանող պայմաններում գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամավարկային ներկա խթանող պայմաններում գնաճը 
կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են, միևնույն ժամանակ խորհուրդը գտնում է,  որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են, և որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ԿԲ խորհրդի նիստից հետո, որում որոշվել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 

«Հունիսին արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7 տոկոս: Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0.8 մակարդակի վրա: Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսված զարգացումներին: Եռամսյակի վերջում սակայն հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ թե զարգացած, թե զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային և զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես և ակնկալվում էր արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություններ չեն եղել»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ եռամսյակում համավարակի հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ-ի կանխատեսումների շրջանակում: Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում: Մինչդեռ, ԿԲ նախագահը նկատեց, որ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել, այսինքն` արդյունաբերության ճյուղի դրսևորումներն ավելի լավն են եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված՝ գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ, թեև դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում: Միաժամանակ գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ մասնավորապես շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները կունենան դրական նպաստում՝ թե առաջարկի և թե պահանջարկի վրա: «Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային ծրագրի կանխատեսումներին, ԿԲ խորհուրդը գտնում է,  որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են: Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում»,-ասաց Գալստյանը:

Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաև հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը, հատկապես տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացման միջոցով: «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ  է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց նա:

ԿԲ նախագահը հիշեցրեց, որ երբ Հայաստանում սկսվել էր կորոնավիրուսի ճգնաժամը, ԿԲ-ն հայտարարել էր, որ ֆինանսական համակարգին, մասնավորապես բանկային համակարգին տրամադրելու է անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ թե արտարժույթով, թե ազգային արժույթով: «Մենք, հավատարիմ մնալով մեր խոստմանը, որևէ անգամ ՌԵՊՈ-ի ծավալը չենք սահմանափակել, նույնիսկ մի պահ ՌԵՊՈ-ի ծավալը քառապատկվեց մարտին ունեցած ծավալի համեմատ»,-ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 6.0%, կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0%:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am