Տնտեսություն

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել

2 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում ոռոգվող ստվերային հողատարածքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ երբ տեսնում են ավելի ջուր է վերցվում, քան ներկայացված հեկտարներն են, ապա պարտադիր ստուգումներ են իրականացնում պարզելու խնդիրը:

«Այս ընթացքում կարողացել ենք 500-700 հա ստվերային հողատարածքներ ետ բերել: Բացահայտելուց հետո, օգտագործված ջրերի ցուցանիշները մուտքագրվում են մեր համակարգ, և դա պարտք է ձևավորվում տվյալ ջրօգտագործողների համար: Ասեմ, որ հայտնաբերված ցուցանիշներում խոշոր տնտեսավարողներ չկան: Հիմնականում փոքր տնտեսություններն են, որոնք չեն կնքում պայմանագրեր, ինչի հետևանքով ունենում ենք կորուստներ, չհաշվառված ջուր»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Ջրային կոմիտեն աշխատանքներ է նախատեսել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Այս տարի նախատեսված են հիմնանորոգման աշխատանքներ բոլոր Ջրօգտագորոծող ընկերություններում: Կկատարվեն ջրագծերի, հիդրոտեխնիկական կառույցների նորոգում, նոր պոմպակայանների ձեռք բերում, հների նորոգում: Տարածքային զարգացման հիմանդրամը կսկսի շինարարություն 105 համայնքում, նախատեսված ենմոտավոր 260 կմ ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում:

«Ասեմ, որ համայնքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթությունների: Մեր առջև դրված խնդիրն է մեխանիկականից անցում կատարել ջրամատակարարման ինքնահոս եղանակի: Արդյունքում՝ կունենանք էլեկտրաէներգիայի խնայողություն, ջրի կորուստների նվազում»,- ասաց Կարեն Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում