Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայի գործողություններն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը

Անկարայի գործողություններն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի սահմանին իրավիճակի սրումն իր ծավալներով ու սրությամբ աննախադեպ էր Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի համար։ Արցախյան ազատամարտում զինադադար հաստատելուց հետո նախկինում էլ էին արձանագրվում բախումներ երկու երկրի շփման գծում, սակայն դրանք կարճաժամկետ էին եւ սովորաբար ավարտվում էին ադրբեջանցիների դիվերսիայի փորձերին կամ հրետակոծություններին հայկական կողմի անհամարժեք ուժեղ պատասխանով, ինչից հետո թշնամին տեւական ժամանակ լռում էր՝ սգալով կորուստները։

Այս անգամ, անտեսելով իր կենդանի ուժի մեծաքանակ կորուստները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձեց լարումը պահպանել՝ ընդլայնելով դրա սահմանները։ Թշնամին հրետակոծեց Չինարին, Պառավաքարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Այգեպարը, Ոսկեպարը եւ Բերդը՝ հայկական զինուժին դրդելով պատասխան գործողությունների՝ անհամեմատ ավելի աղետալի հետեւանքներով մեր ոչ բարյացակամ հարեւանի զինուժի համար։ Հայաստանի զինուժի պատասխան հարվածների բարդությունը պայմանավորված է այն բանով, որ Ադրբեջանը հրետանային մարտկոցները տեղակայել է իր գյուղերի հարակից տարածքներում՝ թիրախավորելով նաեւ սեփական բնակիչներին։ Սակայն հայկական հրետանու ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվում են թշնամու ռազմական հենակետերը՝ առանց խաղաղ բնակչությանը վնասելու։

Ինչո՞վ է վերջին լարվածությունը տարբերվում նախորդներից, որով հնարավոր լիներ բացատրել զոհեր տալու՝ Ադրբեջանի դրսեւորած նման համառությունը։ Եթե պատճառը լարման հենց մեկնարկին նրանց տված մեծաթիվ զոհերն են, ապա անհրաժեշտ է նկատել, որ նախկինում էլ էին անհամեմատ ավելի շատ զոհեր տվել, սակայն չէին գնացել իրավիճակի նման սրման եւ երկարաձգման։

Եթե պատճառը հայկական զինուժի դիրքերի բարելավման փաստն է, ինչը լիովին օրինաչափ եւ մեր երկրի անվտանգության առումով անհրաժեշտ գործողություններ են, ապա կառավարության արտահերթ նիստում ներկայացնելով իրավիճակը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հատուկ շեշտեց, որ միջադեպը սկսվել է ՀՀ ԶՈՒ դիրքի մոտ, որը ՀՀ տարածքում է, սահմանի վրա։

Այդ դիքին են մոտեցել ադրբեջանցի զինծառայողները մեքենայով եւ մեր զինվորների նախազգուշացումից հետո հեռացել են, բայց եւ անմիջապես սկսել հրետակոծումն ու հարձակումը նույն այդ՝ ՀՀ տարածքում գտնվող դիրքի վրա։ Մյուս կողմից՝ Իլհամ Ալիեւն էլ իր երկրի անվտանգության խորհրդի նիստում կարծես թե հաստատեց, որ հայկական զինուժը չի մտել Ադրբեջանի Հանրապետության վարչական տարածք։ Վերջինս իր հայրենակիցներին հավաստիացրեց, որ «ոչ մի սանտիմետր» իրենց տարածքից չեն տվել։

Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նման ագրեսիվ եւ համառ կեցվածքի պատճառը։ Դրան կարելի է տալ երկու բացատրություն։ Տասնամյակներով Ադրբեջանի հասարակությանը ներարկվում է կեղծ պատմություն, թե Հայաստանն իրականում Արեւմտյան Ադրբեջանն է, եւ հայերն ընդհանրապես հայրենիք չեն ունեցել։ Ադրբեջանական հասարակությունը խորապես համոզվել է դրանում, եւ հիմա ՀՀ ԶՈՒ դիրքերի ցանկացած բարելավում, թեկուզ ՀՀ տարածքում, դիտվում է որպես ադրբեջանական հողերի զավթում եւ առաջ է բերում Ադրբեջանի համառ դիմադրությունը եւ նույն համառությամբ զոհեր տալու անիմաստ գործողություններ։

Վերջին բախումների երկարաձգման մյուս պատճառն այն է, որ Թուրքիան անմիջապես եւ անվերապահ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Դրան հետեւեց նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը։ Վերջինս, ներկայացնելով բախումների սկսման Ադրբեջանի վարկածը, նշել էր, որ դատապարտում է հայկական զինուժի հարձակումը Թովուզի շրջանի վրա եւ շեշտել էր, որ Թուրքիան շարունակելու է մնալ Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի։ Այն, որ Թուրքիան միշտ էլ աջակցել, պատրաստել է ադրբեջանական զինծառայողներին ու մատակարարել ռազմամթերք, փաստ է, եւ այդ երկրի ղեկավարությունը չի էլ թաքցնում դա։ Նախկինում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Թուրքիայում պատրաստություն անցած ադրբեջանական դիվերսիոն եւ հետախուզական խմբերը ձախողվել են՝ լիովին ոչնչացվել կամ մարդկային զոհեր տալով վերադարձել են ելման դիրքեր։

Իրավիճակի լարման հենց առաջին օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր տարածած հայտարարութամբ իրավիճակի սրման պատասխանատվությունը բարդել էր Հայաստանի վրա։ Երեկ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր կոշտ հայտարարություններ արել Հայաստանի հասցեին՝ դրանով կանաչ լույս վառելով եւ Ադրբեջանին դրդելով նոր արկածախնդրության։ Վերջինս Ադրբեջանին խոստացավ մոբիլիզացնել համաշխարհային եւ տարածաշրջանային առումով քաղաքական, դիվանագիտական ու հասարակական բոլոր կապերը։ «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»,– Ադրբեջանին ոգեւորեց Էրդողանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության արտահերթ նիստում հատուկ ուշադրություն դարձրեց Թուրքիայի պահվածքին. «Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլվում է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ եւ արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»։

Հետեւաբար, անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների վրա, ստիպել, որ դատապարտվի վերջինիս միակողմանի ու հրահրող պահվածքը, որը ոչ միայն չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ Ադրբեջանին դրդում է հավատալ սեփական կեղծ վարկածների ճշմարտությանը եւ գնալ հերթական լարման՝ պատճառ դառնալով զինուժի զգալի կորուստների՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի տեսքով։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am