Դատական համակարգը նախորդ տարի շուրջ 563 մլն դրամի խնայողություն է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դատական համակարգը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից շուրջ 563 մլն դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
«Դատական համակարգին 2019թ. պետական բյուջեից հատկացվել է 12 մլրդ 380 մլն դրամ 667 հազար դրամ, որից ծախսվել է 11 մլրդ 817 մլն դրամը, կատարողականը կազմել է 95,5%»,- ասաց Փոլադյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ հատկացված միջոցներով դատական համակարգն իրականացրել է 19 միջոցառում:
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նորայր Շողիկյան