Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները

Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալ-տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման գործընթացներում հանդիպում են դեպքեր, երբ նույն օրենքում առկա են տրամագծորեն հակառակ մեկնաբանութունների տեղիք տվող նորմեր։ Նման կարգավորումները դատական համակարգին հնարավորություն են տալիս նույն հիմքով քննվող դեպքերին ըստ հայեցեղության տալ տարբեր լուծումներ։ Մինչդեռ օրենքները պետք է լինեն հնարավորինս միանշանակ՝ բացառելով տարընթերցումները։ Մյուս կողմից էլ՝ իրավական նորմերը, կիրառման որոշակի ժամանակահատվածներում, պարբերաբար վերանայման առարկայական անհրաժեշտություն ունեն, որն ավելի շուտ պայմանավորված է կարգավորվող հարաբերությունների զարգացմամբ եւ ի հայտ եկած նոր գործոններով։

Այնպիսի իրավահարաբերությունները, ինչպիսիք աշխատանքայիններն են, շատ արագ են փոփոխվում եւ համարժեք արձագանքման ու կարգավորման պահանջ են առաջացնում։ Մյուս կողմից էլ՝ սա այն ոլորտն է, որտեղ հասարակությունն առավել զգայուն է իր իրավունքների պաշտպանման հարցում, եւ այն կարգավորող օրենքի ցանկացած բաց անխուսափելիորեն բարձրաձայնվում է հասցեատիրոջ կողմից։

Հայաստանի աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թ., իսկ 2010 եւ 2015 թթ. ենթարկվել երկու հիմնարար բարեփոխումների։ Հինգ տարին արդեն ավանդույթ դարձած այն ժամանակահատվածն է, երբ աշխատանքային հարաբերությունները զարգացման որոշակի փուլ են անցնում, որի ընթացքում նոր պահանջներ ու իրավահարաբերությունների ձեւեր են առաջանում, եւ առարկայական պայմաններ են ստեղծվում իրավական ակտի բարեփոխման համար։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը։ Իրավական ակտով վերլուծվել են աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, ինչի հիման վրա էլ նախանշվելու են նրա բարեփոխումները։ Ոլորտի լիազոր մարմինը հայեցակարգը մշակելիս հաշվի է առել վերջին տաիներին աշխատողներից, գործատուներից, միջազգային կազմակերպություններից եւ փորձագետներից ստացած դիտողությունները եւ առաջարկությունները։

Հայեցակարգով վեր են հանվում ոչ միայն այն կիրարկելու ժամանակ ի հայտ եկած խնդիրները, հակասությունները եւ դրանց պատճառները, այլեւ Հայաստանի կողմից ստորագրված ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաների եւ արձանագրությունների մեջ եղած անհամապատասխանությունները։ Հայեցակարգում նախանշվում են դրանց լուծման ուղիները։ Իրավական ակտի կարգավորման հիմնական նպատակներից մեկով նախատեսվում է աշխատանքի մնալու նախապատվության իրավունքի ընձեռում աշխատողների որոշակի խմբերի համար, երբ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքեր են առաջացել։ Այս իրավունքի ընդլայնման համար հաշվի են առնվել օբյեկտիվ անհրաժեշտությունը եւ Հայաստանին ներհատուկ իրավիճակը։

Հայեցակարգով սահմանվում են աշխատողների այն խմբերը, որոնց տրվելու է աշխատանքի մնալու նախապատվություն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերում։ Այդ իրավունքը տրվում է պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին՝ ՀՀ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, իսկ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար այն սահմանվում է մինչեւ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը։ Այդ իրավունքը տարածվում է նաեւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողների եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ընտանիքների անդամների վրա։ Արտոնությունից կօգտվեն նաեւ պաշտպանության, մարտական գործողությունների մասնակիցները եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ հաշմանդամություն ստացած զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները։ Աշխատանքի մնալու իրավունքի նախապատվություն կտրվի Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ԶՈՒ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։

Աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններով ընդլայնվելու է այն հիմքերի շրջանակը, որոնք արգելում են գործատուին իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրեր լուծել։

Տարընթերցում եւ ենթակայական մեկնաբանություն ենթադրող նորմերի շտկման շրջանակներում խմբագրվելու է Աշխատանքային օրենսգքրի այն դրույթը, որով սահմանվում են երկար ժամանակահատված աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատանքից ազատելու հիմքերը։ Օրենսգրքում սահմանված է, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը, եթե վերջինս երկարատեւ անաշխատունակության պատճառով աշխատանքի չի նեկայացել 120 օր անընդմեջ կամ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 140 օր։ Այս նորմում հստակ չէ՝ խոսքը օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային օրերի մասին է, որը տարբեր դեպքերի համար տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Նախագծով հարցը լուծվում է ի նպաստ աշխատողների՝ սահմանելով, որ նման իրավիճակ առաջանալու դեպքում հաշվարկն իրականացվելու է աշխատանքային օրերով։

Նախագծով նաեւ վերանայվելու է առանձին կատեգորիաների աշխատողների համար օրենսգրքով նախատեսված 24-ժամյա տեւողության աշխատանքային ռեժիմը՝ հիմնվելով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջի վրա։ Մյուս կողմից էլ, ըստ հիմնավորման, Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովն էլ իր մեկնաբանություններում նույնիսկ ողջամիտ չի համարում օրվա ընթացքում 16-ժամյա աշխատանքը։ Բացի այդ, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ այն սակավաթիվ պետություններից է, որի օրենսդրական դաշտում դեռ պահպանվել է աշխատանքի 24-ժամյա ռեժիմը։ Հայեցակարգով նախատեսվում է առանձին կատեգորիաների աշխատողների համար աշխատաժամանակի տեւողությունը 24 ժամի փոխարեն սահմանել 12 ժամ։

Աշխատանքային հարաբերությունները կարգավորղ գործող օրենսդրությունում ամենախրթին հարցերից մեկն արձակուրդի հարցն է, որը լուծելու համար հիմնարար փոփոխություններ են նախատեսվում։ Եթե աշխատողին չտրամադրվի հասանելիք արձակուրդը, ապա նոր նախագծով նման դեպքերի համար գործատուի նկատմամբ կսահմանվեն տուգանքի միջոցներ, մասնավորապես՝ տույժերի վճարում։ Գործող Աշխատանքային օրենսգրքում սահմանված է հարկադիր աշխատանքի արգելքը։ Նոր փոփոխություններով կսահմանվի նաեւ պարտադիր աշխատանքի արգելքի դրույթը, որը միջազգային կոնվենցիաներով է ամրագրված եւ արտահայտում է աշխատանքային հարաբերությունների ժամանակակից տենդենցները։

Հայեցակագի առանցքային կարգավորւմերից մեկը վերաբերում է արհմիությունների համակարգի կայացմանը եւ իրավունքներին։ Նախագծով վերջիններիս կթույլատրվի աշխատողների իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումներն ու գործողությունները բողոքարկել դատական կարգով։ Գործող իրավակարգավորմամբ արհմիությունները կարող են դիմել դատարան միայն իրենց խախտված իրավունքների մասով։

Հայեցակարգի ընդունումը եւ դրա հիմքով աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները որակապես նոր մակարդակի կբարձրացնեն աշխատանքային հարաբերությունները, կապահովվի կայունություն, որն էլ իր հերթին կնպաստի աշխատանքի որակի եւ արդյունավետության բարձրացմանը։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am