Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Երեխաները մեր «անմահության» գրավականն են

Երեխաները մեր «անմահության» գրավականն են

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեխաները միանգամից եւ անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն եւ երջանկություն են»,–ասել է Վիկտոր Հյուգոն։

Երեխաների ուրախ եւ երջանիկ մանկությունն ապահովելու սուրբ պարտականությունը յուրաքանչյուրինս է՝ սկսած ծնողներից, հասարակությունից մինչեւ պետություն։ Միեւնույն ժամանակ նրանց հանդեպ հոգատարությունն ու սերը ոչ այնքան պարտականություն պետք է ընկալվեն, որքան առաքելություն։ Չէ՞ որ մարդկության հարատեւությունը, մեր իսկ «անմահության» գրավականը երեխաներն են։ Առաջադեմ մարդկությունը լավ է հասկանում, որ պետության եւ առողջ հասարակության հիմքում երջանիկ, առողջ եւ ներդաշնակ զարգացող մատաղ սերունդն է։ Հայերիս արժեհամակարգում նույնպես երեխաները գերագույն արժեք են։ Չնայած երեխաների իրավունքների ոտնահարում լինում է նաեւ մեր հասարակությունում, սակայն նման դեպքերը բնորոշ չեն մեր ինքնությանը։ Իսկ խնդիրը կարող է լուծվել կրթական բաղադրիչի միջոցով։

Արդեն 70 տարի շարունակ հունիսի 1—ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ամեն ինչ սկսվեց 1925 թվականից. Շվեյցարիայում տեղի ունեցավ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1—ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Հունիսի 1—ից բացի, փոքրիկներին են նվիրված երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը (հունիսի 12), ինչպես նաեւ Երեխաների համաշխարհային տոնը (նոյեմբերի 20)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների առողջության եւ բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարեւոր էր դարձել ամբողջ աշխարհի համար։ Պատերազմի ընթացքում նրանցից շատերն էին որբացել՝ կորցնելով իրենց հարազատներին։ 1949 թ. Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ժամանակ Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը որոշում է ընդունում նշել երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Առաջին անգամ հունիսի 1—ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թ.։

Հունիսի 1—ի օրվա հետ կապված կա հետաքրքիր պատմական դրվագ. անցած դարասկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1—ին տոնական միջոցառում է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կորցրել էին իրենց ծնողներին։ Չինական ավանդական տոնացույցով այդ օրը նշվում է որպես Վիշապանավերի փառատոն։

ՄԱԿ—ը, հավանություն տալով այդ նախաձեռնությանը, երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը հայտարարել է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը։ 1956 թ. ՄԱԿ—ի կողմից ներկայացվեց «Երեխաների իրավունքների մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1989 թ. այդ կազմակերպությունը հաստատեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որով ամրագրվեցին մեծահասակների պարտականությունները եւ երեխաների իրավունքները։

Հայաստանը «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան վավերացրել է 1992 թ., իսկ 1996—ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան։ Այս տարի արտակարգ դրությամբ պայմանավորված երեխաներին նվիրված տոնական միջոցառումներ չեն անցկացվի։

Թեեւ չափազանց կարեւոր է նման օրերի միջոցով բարձրաձայնել երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն չմոռանանք, որ երեխաները մեր պաշտպանության եւ սիրո կարիքն ունեն 365 օր շարունակ։ Եվ մեր գործողություններն ու քայլերը որոշելուց առաջ առաջնորդվենք ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ եւ նշանավոր գործիչներից մեկի՝ Ժան Ժակ Ռուսոյի հորդորով. «Թողե՛ք մանկությունը հասունանա մանկության մեջ»։

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ