Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում 
նկատեց. նախարարն արձագանքեց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս նկատել էր, որ կառավարությունն ըստ օրենսդրության պարտավոր է բյուջեի ներսում համապատասխան տոկոսից դուրս արված շարժերի համար գալ խորհրդարան, խորհրդարանից թույլտվություն ստանալ, սակայն ներկայացված նախագծով ԱԺ-ն այդ լիազորությունից զրկվում է:

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանո առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ ,կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար:

Աննա Գրիգորյան

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ