Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմը տվել է հարցերից ամենակարևորի պատասխանը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմը տվել է հարցերից ամենակարևորի պատասխանը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբին անդրադարձավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին և նշեց, որ դրա վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետն ընդգծեց, որ պատերազմը տվել է հարցերից ամենակարևորի պատասխանը:

«Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Հարձակումը սանձազերծած Ադրբեջանը կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում