Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին

ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի 
գների անկման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տրանսֆերտների զգալի նվազումը, միջազգային պահուստների էական ավելացումը կարևոր առանձնահատկություններ են նավթի գների անկման համատեքստում երկրում կայունություն պահելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ  Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի և իր մյուս առևտրային գործընկերների հետ: Հետևաբար, եթե նավթի գների անկմամբ պայմանավորված այնտեղ խնդիրներ կան, ապա դրանք կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին: Այստեղ, սակայն, տնտեսագետը նշեց, որ, ի տարբերություն 2014 թվականին, այս անգամ պետությունը, մի քանի հանգամանքներով պայմանավորված, ունի բոլոր ռեսուրսները կայունության ապահովման համար:

«Նախ ամենակարևորը, տրանսֆերտները: Հայաստան ուղղվող տրանսֆերտները, այն է՝ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ՀՆԱ-ի նկատմամբ, էականորեն նվազել են: Եթե 2013 թվականին այս ցուցանիշը 13 տոկոս էր, 2014 թ.՝ 10.5 տոկոս էր, ապա 2019 թվականին կազմում էր 3.7 տոկոս: Կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունն օտարերկրյա տրանսֆերտներից  3 անգամ նվազել է: Եթե վատագույն սցենարը դիտարկենք, այն է՝ ռուբլին կարժեզրկվի, կնվազեն Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները, ապա մեր տնտեսության վրա այդ ազդեցությունը կլինի չնչին: Այսինքն , այսօր մեր տնտեսությունն այդքան զգայուն չէ տրանսֆերտների նկատմամբ, որքան 2013-2014 թվականներին էր»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Հաջորդ կարևոր գործոնը դրամի կայունությունն է, Հայաստանի միջազգային պահուստների էական ավելացումը: Տնտեսագետը նշեց, որ դրամի կայունության հաշվին Կենտրոնական բանկն արտարժույթ էր հավաքում շուկայում, համալրում միջազգային պահուստները: 2019 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները 2.8 մլրդ դոլար է, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է:

«Եթե նույնիսկ միջազգային զարգացումներով պայմանավորված ոչ ցանկալի էֆեկտ լինի, ապա Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի, որ անհրաժեշտության դեպքում գործողությունների դիմի, բացասական հետևանքները կանխելու համար: Կայունությունը մեծ հավանականությամբ հնարավոր կլինի պահպանել»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Մարտի 9-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար սահմանվել է 35 դոլար: Գինը 30 տոկոսից ավելի նվազել է: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Տնտեսագետը նկատեց, որ այս գործընթացը սկսվել է դեռ 2019 թվականի ավարտից: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Գոռ Ծառուկյանը նշեց, որ այն զգալի հարվածեց Չինաստանի տնտեսությանը, իսկ այդ երկիրը կարևոր օղակ էր համաշխարհային տնտեսության մեջ:

«Կորոնավիրուսի հետ կապված զարգացումները պարզապես արագացրեցին նավթի գների անկման գործընթացը: Այստեղ կարևոր է դիտարկել այն, որ ԱՄՆ-ն, Կանադան և այլ խոշոր երկրներ քայլեր են ձեռնարկել, հավելյալ աշխուժություն են մտցրել տնտեսության մեջ, որ ճգնաժամի ազդեցությունը հնարավորինս քիչ լինի: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, սակայն կարծում եմ, որ այս իրավիճակը կարճաժամկետ կլինի, չեմ կարծում, որ նավթի գների անկումը երկարաժամկետ կլինի»,-ասաց  տնտեսագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am