Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հարձակման դեպքի 
հետազոտության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի նոյեմբերին Ենոքավանի անտառներից մեկում գյուղացու վրա հարձակված վայրի կենդանին ի վերջո հովա՞զ է եղել, թե ոչ: Ամիսներ շարունակ այս հարցի պատասխանն էին փորձում գտնել ոլորտում աշխատող մասնագետները՝  կատարելով բազմապիսի հետազոտություններ ու ուսումնասիրություններ, դաշտային աշխատանք: Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, NABU Հայաստանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլ կառույցներ տեղադրված տեսախցիկներով հետևել են այդ տարածքում կենդանիների տեղաշարժին: Արձանագրել են ամեն ինչ՝ բացի հովազից: Տեսախցիկի տեսադաշտում են հայտնվել այծյամ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, գորշ արջ, շնագայլ վայրի խոզ և այլն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ դաշտային աշխատանքների արդյունքում մասնագետները կատվազգիներին բնորոշ հետքեր են հայտնաբերել:

«Հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցրել ենք կենդանու մազերը և ուղարկել Գերմանիա՝ լաբորատոր հետազոտության: Պատասխանները ստացել ենք օրերս: Ըստ արդյունքների՝ կենդանին եղել է լուսան, ոչ թե հովազ»,-ասաց Կարեն Մանվելյանը:

Չնայած հետազոտության արդյունքներին՝ կենդանու հարձակումից տուժած Արման Գաբրիելյանը նշեց, որ շարունակում է մնալ իր տեսակետին. այն է՝ իր վրա հարձակված գազանը հովազ է եղել:

«Անտառում փնտրում էի իմ կենդանիներին, մի պահ այնպիսի տեղանքում էի, որն ինձ այնքան ծանոթ չէր, հանկարծ մոտակա քարանձավային հատվածից ձայն լսեցի, և գրեթե անմիջապես գազանը հարձակվեց ինձ վրա: Ես վայր ընկա ու լուրջ վնասվածքներ ստացա: Վարկյաններ անց կարողացա ձեռքիս զենքով օդ կրակել, և կենդանին փախավ: Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ հովազ է եղել, որովհետև պոչն ավելի երկար էր, և վրայի նախշերը բնորոշ են հովազին»,-ասաց Արման Գաբրիելյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նկատեց, որ իրենք ուրախ կլինեին, եթե այդ տարածքում հովազի տեղաշարժ հայտնաբերվեր: Մանավանդ, որ տարիներ շարունակ այդ տարածքում հովազ չի եղել:

«Գիտեք, չի բացառվում, որ հովազ եղած լինի, ամեն դեպքում այս պահի դրությամբ մեր ուսումնասիրությունների արդյունքներն այլ բանի մասին են խոսում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Այդ տարածքում հովազի հայտնվելը քիչ հավանական է համարում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների  կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա խոսքով, այդ տեղանքում վերջին անգամ հովազ արձանագրվել է 1960-ական թվականներին: Ամեն դեպքում մասնագետները նկատեցին, որ այս միջադեպն առիթ դարձավ, որ  ոլորտի կազմակերպությունները սկսեն ուշադրության կենտրոնում պահել քիչ ուսումնասիրված տեղանքը: Կազմակերպությունները շարունակելու են ուսումնասիրությունները այդ վայրում:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին Ենոքավանի անտառներից մեկում: Արման Գաբրիելյանը լուրջ վնասվածքներ էր ստացել: Այսօր ապաքինվել է, դեպքի մասին հիշեցնում են սպիները: Կատարվածից հետո գյուղացիներն ավելի զգոն են դարձել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am