Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է անձնակազմի ուսուցման կարևորությունը

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է անձնակազմի ուսուցման 
կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Կադրերի վարչությանը հանձնարարվեց կազմել Փրկարար ծառայության տնօրենի հրամանի նախագիծ ուսումնական տարվա կապակցությամբ: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին Կադրերի վարչություն ներկայացնել հաջորդ ամսվա ուսումնական պարապմունքների գրաֆիկը:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել նոր ինովացիոն մոտեցումները կապի ոլորտում և մի քանի տարվա համար ձևավորել տեսլական: Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:

Կադրերի և Փրկարարական ուժերի վարչություններին հանձնարարվեց պատրաստել հրամանի նախագիծ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների միջոցով ձևավորված համահավաք ջոկատների կազմի հայտարարման վերաբերյալ: Այդ ջոկատների անդամները կուսուցանվեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում և խոշոր դեպքերի և պատահարների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կմասնակցեն փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ Ծառայության կազմակերպման վարչությունը պատրաստել է մեթոդաբանությունը, թե ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատվեն աշխատակիցների կատարված աշխատանքները՝ պարգևավճարներ ստանալու համար և հանձնարարեց այդ մշակված փաստաթղթային փաթեթն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ՝ աշխատաանքի գնահատման բալային համակարգը վերջնական ձևավորելու նպատակով:

Անդրադարձ կատարվեց հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը: Ծառայության տնօրենը շեշտեց, որ Փրկարար ծառայության բոլոր մակարդակի ղեկավարները պետք է շատ լավ տիրապետեն հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանությանը և առաջարկեց Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը նվիրել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանության ուսուցման և դրա հետ կապված այլ խնդիրների քննարկմանը:

Ծառայության տնօրենը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը պետք է շատ լավ տիրապետի նաև ներքին վերահսկողության բաժինը:

Հանձնարարվեց պլանավորել, ճիշտ կառավարել և միմյանց հետ համադրել գործուղումները՝ ֆինանսական միջոցները խնայելու և գործուղումները նպատակային օգտագործելու համար:

Շիրակի մարզի ստորաբաժանումների կենցաղային պայմանների բարելավման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Փրկարար ծառայությունը ստացել է կենցաղային գույք և հանդերձանք: Ծառայության տնօրենի կողմից հանձնարարվեց ստացված գույքը և հանդերձանքը բաժանել ամենախոցելի և կարիքավոր ստորաբաժանումներին:

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների շինություններում կատարված շինարարական աշխատանքների բաց մասերը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am