«Արմենպրես»-ը պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալով և հավաստագրով

Armenpress 19:11, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալով և հավաստագրով՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարում ունեցած մեծ ավանդի համար:

Հանձնելով պարգևները՝ Երևանի Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ լրատվական գործակալությունը մշտապես իրենց կողքին է եղել և հավուր պատշաճի լուսաբանել բոլոր միջոցառումները:

«100-ամյա «Արմենպրես»-ը միակ գործակալությունն է եղել, որ ապահովել է ողջ ցուցադրությունը: Արխիվները թվայնացնելիս նրանք հայտնաբերել են նեգատիվները և ստեղծել մի հրաշք ցուցահանդես: Այդ նկարները մեր թանգարանից տեղափոխվեցին Թբիլիսի և տրվեցին ի պահ Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնին»,- նշեց Եղիազարյանը:

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին:

Հավաստագրեր և հուշամեդալներ ստացան նաև Հանրային հեռուստաընկերությունը, «Շողակաթ» հեռուստաընկերությունը, մանրադիտակային քանդակների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը, Հրաչյա Դանիելյանը, ով Թումանյանի ձեռագիր բանաստեղծություններն է նվիրել թանգարանին և այլ անձինք, ովքեր ներդրում են ունեցել Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ:

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am