ԱԳՆ-ն արհեստածին է որակում ԼՂ կարգավորման գործընթացքում միջհամայնքային հանդիպումների հարցը

Armenpress 17:33, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործների նախարարությունը արհեստածին է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի այն առաջարկը, որ պետք է հանդիպումներ կազմակերպվեն «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լեռնային Ղարաբաղը իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր: Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը` փոխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը` ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն: Ուստի, միջհամայնքային հանդիպումների կամ թեմաների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին: Դրանք ունեն մեկ նպատակ` պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների` խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցին»,- ասաց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am