ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Վարչապետ Փաշինյան

Armenpress 23:58, 12 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիրավի պատմական իրադարձություն է համարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ օրենսդիրների այդ քայլը համարել է հարգանքի տուրք՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և մեծ քայլ՝ կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ 
«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր երախտիքը Սենատի այս նշանակալի որոշման համար»,-նշել է ՀՀ վարչապետը՝ օգտագործելով «այլևս երբեք» հեշթեգը (#NeverAgain):
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ 
Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am