Արեւադարձային ծաղկի մեջ հայտնաբերված նյութը ոչնչացնում Է քաղցկեղային բջիջները

Armenpress 17:12, 12 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւադարձային ծաղկի մեջ պարունակվող նյութի հիման վրա գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը ոչնչացնում Է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են ChemMedChem հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների ամենաագրեսիվ եւ մահացու տեսակներից մեկն Է: Այն դժվար Է հայտնաբերել վաղ փուլերում եւ շատ դժվար Է բուժել, քանի որ քաղցկեղի այս տեսակը կայուն Է բազմաթիվ հակաքաղցկեղային պատրաստուկների նկատմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի գիտնականները՝ Բաթի համալսարանից Սայմոն Լյուիսի եւ Տոյամայի համալսարանի պրոֆեսոր Սուրեշ Ավալեի ղեկավարությամբ, պարզել են, որ գրանդիֆլորացինը, այն ակտիվ նյութը, որը պարունակում Է Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում տարածված ուվարիա (Uvaria grandiflora) արեւադարձային ծաղիկը, ոչնչացնում Է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Գրանդիֆլորացինի հիման վրա նրանք ստեղծել են երեք պատրաստուկ, որոնք քաղցկեղի դեմ նույնիսկ ավելի արդյունավետորեն են պայքարում, քան բնական նյութը: Չնայած այն բանին, որ պահանջվում Է փորձարկումների եւս հինգ տարի, նախքան կարելի կլինի սկսել նոր պատրաստուկների կլինիկական փորձարկումները, գիտնականներն արդեն այժմ հայտարարում են, որ այդ դեղամիջոցներն ավելի արդյունավետ եւ պակաս թունավոր կլինեն, քան ներկայում կիրառվողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am