«Եվրանեսթ»-ի բանաձևում նշվել է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում մեծ առաջընթացի մասին

Armenpress 14:51, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված բանաձևում հիշատակվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացքում զգալի առաջընթացի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

«The Trio Plus Strategy 2030» բանաձևում ներառվել է IDEA միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցից մի պարբերություն: Դրանում հստակ շեշտվում է, որ Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,-ասաց Աբրահամյանն ու հիշեցրեց, որ զեկույցը ամեն տարի չափում է երկրներում ժողովրդավարության զարգացման ընթացքը:

Բանաձևում Հայաստանին վերաբերող հատվածում նշված է՝ IDEA-ի «The Global State of Democracy 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրոպայում միակ երկիրն է, որը 2017-ի հիբրիդային ռեժիմից (երկրների՝ ըստ կառավարման համակարգի դասակարգումներից մեկը -խմբ. ) 2018-ին անցում է կատարել ժողովրդավարության։

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել են դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am