Նախարար Պապիկյանը ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ

Armenpress 20:18, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ՋՕԸ-ների տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։  Ըստ ներկայացված տվյալների՝  2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։

Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․ «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018թ․ համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»։

Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով  գնահատել է ոչ բավարար և հանձնարարել  ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել  վարձավճարների գանձման ցուցանիշը։

«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն  պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։

ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության  ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝  ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am