ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը

Armenpress 16:05, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն և թափանցիկությանը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 27-ին օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am