Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Armenpress 15:37, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ: «Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Նա բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող՝ 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am