Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

Armenpress 17:07, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները հավաստում է աջակցությունը Հայաստանի կառավարությանը և գնահատում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության գործում հանձնառությունը: Դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեն խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտը, Ջոել Ֆորդևինդը, Մարտին վան Հելվերտը, Սվեն Կոփմանսը, Շուրդ Վիմեր Շուրդսման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am