Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:28, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կարևորագույն որոշումների ընդունմանն ու դրանց շրջանակում տարբեր անհարմարություններ առաջացնելու հետ կապված փաստարկների ներկայացմանը:

«Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ խնդրահարույց երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու: Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ Վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ի՞նչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: Իհարկե, խնդիրներ է բերում, բայց դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ: Հիմա ինքնակառավարվող մեքենաներ են օգտագործում, էլեկտրամոբիլներ են օգտագործում, որոնք այդ հարցերը լուծում են: Բայց ՀՀ-ում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Մենք ունենք երևույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օրերս Հանրային հեռուստաընկերությամբ դիտել է ռեպորտաժ՝ «խելացի անասնագոմերի» մասին: «Տեսա, որ «խելացի» անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ «խելացի» անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ «խելացի» անասնագոմում: Այսինքն՝ եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ:

Կամ ուշադրություն դարձրե՞լ եք, որ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի: Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am