Փաշինյանը շեշտեց՝ առողջության հարկի հետ կապված քաղաքական որոշում չկա

Armenpress 20:30, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հանրային քննարկման ներկայացված առողջության հարկի հետ կապված հայեցակարգի վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանին:

«Մենք արդեն ավելի քան մեկ տարի քննարկում ենք, թե ինչպես պետք է հասնենք մեր այն նպատակին, որ ՀՀ որևէ քաղաքացի հիվանդանոց դիմելու խնդիր չունենա: Մեր քաղաքական թեզն այն է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռներին պետք է չմնա: Այս մեկ տարվա ընթացքում ամենատարբեր ձևաչափերով տարբեր քննարկումներ են եղել, կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական կարծիք և տեսակետ չկա: Մոտ 10 օր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինձ հայտնեց, որ իրենք ունեն որոշակի հայեցակարգային մոտեցում, որն ինքն ուզում է ուղղակի դնել հանրային քննարկման: Ես ասացի, որ դեմ չեմ այն պայմանով, որ արձանագրվի, որ սա որոշում չէ, այսինքն՝ այսպիսի քաղաքական որոշում չկա, որ նույնիսկ կառավարությունում այս հարցով միասնական դիրքորոշում չկա, և սա արվում է հանրային կարծիքն ուսումնասիրելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք չեն վախենալու որևէ հարց քննարկման դնելուց:

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով առաջարկվում է ներդնել առողջապահության ապահովագրություն: Դրանով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից գանձել 6% հարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am