«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ալիեւը որդեգրել է Էրդողանի մարտավարությունը Եվրոպայի հարցում

Armenpress 21:55, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը, նշել է, որ այն երկու երկրների ռազմավարական գործընկերության առանցքային ոլորտներից Է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը «ՀՀ»-ի հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, հաշվի է առնում ռազմական հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը։ Հայկական կողմը մշտապես այդ թեման պահում է օրակարգում եւ հիշեցնում ՀԱՊԿ գործընկերներին դրա անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով, 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունները մասամբ տեղի ունեցան նաեւ այն պատճառով, որ այդ հավասարակշռությունը խախտվել էր։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե իրենք դեմ են եվրաինտեգրմանը, պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանն իր քաղաքականության մեջ փորձում է պահպանել մեկուսացման որոշակի չափաբաժին։ Որեւէ միությանը չանդամակցելը ձեռնտու է Ադրբեջանի իշխանությանը, քանի որ թույլ կտա ազատորեն խախտել մարդու իրավունքները, կեղծել ընտրությունները՝ առանց մտահոգվելու եվրոպական կառույցների կողմից քննադատության արժանանալուց»։

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am