Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով Ֆինլանդիայում են

Armenpress 16:10, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաների, բուհերի ու դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հայ խորհրդարանականներն այցելել են հայտնի Մերիլահթի հանրակրթական դպրոց, այնուհետեւ Հելսինկիի համալսարան: Նրանք շրջայց են կատարել ուսումնական հաստատություններում, ծանոթացել Ֆինլանդիայում կրթության գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկումներ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ:

Կրթության ոլորտի զարգացումը համարելով պետության զարգացման հիմնաքարային ուղղություն` պատգամավորները ձեռնամուխ են եղել աշխարհում լավագույններից մեկը համարվող ֆիննական կրթական համակարգին տեղում ծանոթանալու եւ լավագույն փորձը Հայաստանում ներդնելու աշխատանքին:

Հայ խորհրդարանականները երկօրյա այցով կլինեն նաեւ Շվեդիայի Թագավորությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am