ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ և դրական օրակարգ. Զոհրաբ Մնացականյան

Armenpress 16:44, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ձևավորել է չափազանց հստակ և դրական օրակարգ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի ղեկավարի փոփոխությանը:

«Այս ամբողջ շրջանում, ներառյալ վերջին ավելի քան 1,5 տարին, ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ ու դրական օրակարգ, շատ հստակ արդյունքներով, առաջընթացով: Գիտեք նաև ԵՄ-ի ներգրավվածության ծավալները մեր ազգային զարգացման, բարեփոխումների օրակարգում: Այս ամենը չի փոխվում հանձնաժողովի փոփոխությամբ, և շարունակականությունը բնականաբար գոյություն ունի: Մենք, իհարկե, սպասում ենք, երբ նոր հանձնաժողովը կսկսի գործել, որպեսզի մենք շարունակենք մեր օրակարգը»,- ասաց Մնացականյանը:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատև արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին: Եվրախորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am