Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի ԱԳՆ բացատրություններ տալու

Armenpress 21:29, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար, ով ուրբաթ իր ելույթում նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լը Մոնդ»-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք: Պատասխանելով նախագահ Մակրոնին, ով The Economist-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի մասին նշել է, որ այն «ուղեղային մահվան» վիճակում է, Էրդողանը հայտարարել էր. «Ես Թուրքիայից դիմում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակիրոնին, և ես նույնը կրկնելու եմ ՆԱՏՕ-ում: Նախ ստուգիր ինքդ քո ուղեղի մահը»:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները լարվել են ՆԱՏՕ-ի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովից օրեր առաջ: Նախատեսվում է, որ գագաթաժողովում քննարկվելիք հիմնական հարցը կլինի Սիրիայի շուրջ իրավիճակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am