Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը

Armenpress 12:32, 29 Նոյեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը,  շարունակելով դեռեւս 2015 թվականին մեկնարկած Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության եւ լիճ բաց թողնելու  աշխատանքները,  2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել  է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի եւ ՀՀ բնապահպանության նախարարի  համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:

Սեւանա լիճ է բաց թողնվել  Սեւանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 գրամ միջին քաշով   եւ Գեղարքունի տեսակի 10 հազար հատ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով: Մանրաձկան ձեռքբերումն իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված ‹‹Սեւանի իշխան›› ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր եւ Մասրիկ գետերում: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամն  իրականացրել է 72 հազար հատ Սեւանի իշխանի մանրաձկան բացթողում, որից 22 հազարը եղել է Ամառային, իսկ 50 հազարը՝ Գեղարքունի տեսակի: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի՝ Սեւանա լիճ բաց թողնված մանրաձկան խմբաքանակները եղել են բարձրորակ ու կենսունակ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am