Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան

Armenpress 11:40, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Հանրահավաքից ուղիղ եթերում կադրեր Է ցուցադրում «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, ոպեսզի պատգամավորներին հասցնենք բողոքի մեր հզոր ձայնը: Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունն այլեւս ջրանետներ չի օգտագործի եւ դուրս չի բերի ռոբոկոպերի (հատուկ նշանակության ուժեր)»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:

Ակցիային մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես Էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաեւ քաղաքացիական շարժումների ակտիվիստներ:

Ի տարբերություն նախորդ օրվա, ոստիկանությունը չի սկսել հատուկ բարձր մետաղե արգելափակոցներ տեղադրել խորհրդարանի մերձակայքում: Պատգամավորները վաղ առավոտից սկսել են հավաքվել հանրապետության օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ օրը նշանակված են կոմիտիների լսումներ, բյուրոյի նիստ եւ լիագումար նստաշրջան: Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am