Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Armenpress 10:47, 27 Նոյեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:

Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները և անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը և տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am