Հայաստանը Բելառուսին առաջարկում է մասնակցել արհեստական բանականության հարթակի ստեղծմանը

Armenpress 17:44, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Հայաստանը Բելառուսին առաջարկում է մասնակցություն ունենալ արհեստական բանականության հարթակի ստեղծման աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Բելտա» լրատվական գործակցությունը, այս մասին հարցը քննարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հանդիպման ընթացքում:

Արմեն Սարգսյանն առաջարկել է քննարկել հնարավոր միասնական ՏՏ ծրագրերը, այդ թվում՝ արհեստական բանականության հարթակի հարցը:

«Մեզ պետք են կոնկրետ առաջարկներ, թե ինչ կարող ենք մենք անել: Հայաստանին դեռ շատ բան է պետք անել Բելառուսին ՏՏ ոլորտում հասնելու համար»,- նշել է նախագահը:

Բելառուսի վարչապետը նշել է, որ մեծ հաճույքով կքննարկեն այդ հարցը:

«Մեզ մոտ արհեստական բանականությունը շատ ուժեղ է զարգանում»,- ասել է Ռումասը:

Վարչապետի կարծիքով` ջանքերը միացնելով՝ Բելառուսն ու Հայաստանը կկարողանան ավելի արագ շարժվել ՏՏ ոլորտում:

«Դուք ունեք ձեր սեփական մրցակցային նվաճումները, մենք` մեր: Պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք դրանք համադրել, որպեսզի ստանանք սիներգետիկ արդյունք»,- հավելել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am