ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Armenpress 16:04, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական և Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները:

Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:

Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:

Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսևորման և ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am