Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Armenpress 11:55, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հայտի վերաբերյալ հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևան քաղաքում էլեկտրոնային հաշվիչների արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Ընկերությունում ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 153.000 դրամ միջին աշխատավարձով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am