Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին

Armenpress 09:37, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսլանդիա կատարած այցի ընթացքում նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, խորհրդաժողովի շրջանակում Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի (Dalia Grybauskaitė) հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է կանանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան ծրագրեր մշակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Նույն օրը վարչապետի տիկինը հանդիպել է «Կին քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի» խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի հետ (Hanna Birna Kristjánsdóttir): Զրուցակիցները քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի։ Ռեյկյավիկում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է նաև «Համագործակցության լավագույն օրինակները» խորագիրը կրող աշխատանքային ճաշին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am