ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում. «Իմ քայլ»-ի պատգամավորներ

Armenpress 12:45, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բավական ցածր է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցներում նշեց, որ տեղի ունեցած հեղափոխությունից, խորհրդարանական ընտրություններից հետո դատական բարեփոխումների պահանջն անընդհատ դրվում է քաղաքացիների կողմից:

«Վերջին հարցումները ևս ցույց են տալիս, որ բավական ցածր վստահելիության մակարդակ կա թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ դատարանների նկատմամբ, ընդհանրապես: Հետևաբար, եղած խնդիրը, լինելով ոչ ստանդարտ, հանգեցնում է ոչ ստանդարտ լուծումների: Այդ լուծումներին մենք պարտավոր ենք գնալ, որ ժողովրդի տված քվեն արդարացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց  Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից օրերս հաստատված ու Ազգային ժողով ուղարկված նախագծին: Այն ենթադրում է, որ  Սահմանադրական դատարանի՝ վաղ կենսաթոշակի անցնող դատավորների համար պահպանվելու են ՍԴ դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները. եթե դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա կստանան հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափ կենսաթոշակ:

Ի պատասխան այն մեկնաբանությունների, թե դա բյուջեի վրա բեռ է և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ դիտարկումներին:

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, հետևաբար դրանից բխող բարեփոխումներ պետք է լինեն ոչ ստանդարտ: «Կոռուպցիա», «կաշառք» գնահատականներն անհիմն են, որովհետև եթե նման իրավիճակ լիներ, դժվար թե միջազգային կառույցներն արձագանքած չլինեին: Ավելին, դժվար թե դրական արձագանքեր Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am