ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Armenpress 18:12, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ԱԺ նոյեմբերի 19-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 90 կողմ ձայնով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Օրինագծի ընդունմամբ կկարգավորվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը  տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար

Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը կսահմանի ծառայությունների վարձավճարների  փոխհատուցման կարգը և փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am