Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Armenpress 15:32, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. 

քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ, պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն, տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները, չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը և այլն), անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները, բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am