Մեղադրող կողմը առարկեց դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդության դեմ

Armenpress 15:31, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը անկողմնակալ է և իրականացրել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը ապահովող հսկողություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով պաշտպանների կողմից մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդության դեմ:

«Պաշտպանների կողմից ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ որևէ կապ չունեն: Պաշտպանները չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել այն պատճառով, որովհետև նա նույն կարծիքը չունի իրենց հետ: Եվրոպական դատարանը շատ հստակ արձանագրել է, որ սեփական դատավարական դիրքորոշումը մյուսի կողմից չկիսելը, չի կարող բավարար պատճառ դառնալ ինքնին մյուսին վարույթից հեռացնելու համար»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս առանձին  բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am