ԱԺ-ում մեկնարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը

Armenpress 12:00, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը հայտնեց, որ քվեարկությունը կտևի մեկ ժամ:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 12:00-13:00-ն»,- ասաց Դավոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը: ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am