Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է

Armenpress 21:37, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից։

«Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում: Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:  Մասնավորապես՝

ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը, սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար, Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am