ՊՆ-ում կայացել է քննարկում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Armenpress 13:38, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը:  Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման, ինպես նաև հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am