Արթուր Ալեքսանյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան  

Armenpress 13:26, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական չեմպիոնը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը` առաջնահերթություն տալով առավել խոցելի երեխաներին: «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ բարի կամքի դեսպան: Առաջարկն ընդունել եմ անմիջապես, քանի որ կապված է երեխաների ապագայի հետ»,- ասաց Ալեքսանյանը: Գյումրեցի մարզիկը փաստեց, որ ըստ վիճակագրության մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսը նորմայից բարձր քաշ ունի, իսկ 9 տոկոսը թերսնված է: «Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի` առողջ սնվելով»,-շեշտեց մարզիկը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Օլիմպիական չեմպիոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ ընտանիքին միանալու համար և վստահեցրեց, որ Ալեքսանյանի օգնության միջոցով Հայաստանում առավել մեծ արդյունքների կհասնեն:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am