Գևորգ Էմինի գրական ժառանգության մի մասը ներկայացվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց գրողի` գրադարանի ֆոնդերում պահվող հարուստ ժառանգությունը՝ գրքեր, թարգմանություններ, ինքնագրերով գրքեր, ամսագրերում և թերթերում տպագրված հոդվածներ, լուսանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին նաև Գևորգ Էմինի որդու՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինի անձնական արխիվում պահվող եզակի ձեռագրեր:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վերջերս բանաստեղծի թոռան`Գևորգ Էմին Տերյանի հետ առիթ են ունեցել աշխատելու գրողի արխիվում, որտեղ ոչ միայն նրա հսկայածավալ ժառանգությունն է, այլև փաստաթղթեր, լուսանկարներ, նյութեր, որոնք պատկերացում են ստեղծում 30-ական թվականներից մինչև 80-90-ականների գրական ընթացքի մասին և կարևոր են այդ շրջանի հեղինակավոր մարդկանց ուսումնասիրման գործում:
«Արխիվի ուսումնասիրությունը էական նաև այն պատճառով, որ ժամանակին հրատարակվեցին Գևորգ Էմինի որոշ գործեր, որոնք իբր գրվել են 30-ական թվականներին: Շատ գրականագետներ կարծիք էին հայտնում, որ դրանք կեղծված նյութեր են, քանի որ անհնար էր այդ շրջանում նման ստեղծագործություններ գրել: Արխիվում գտանք 30-ականների Էմինի ձեռագրերը»,-պատմեց գրականագետը:
Նիկողոսյանը շեշտեց, որ Գևորգ Էմինը հակասական, բարդ անհատականություն էր, այդ պատճառով նրա շուրջ տարբեր, երբեմն ոչ հենց այնպես բամբասանքներ էին պտտվում, վարկածներ, զազրախոսություններ, որոնք խանգարել են նրա ստեղծագործության ամբողջական ընկալմանը:
Արտաշես Էմինը, անդրադառնալով գրադարանին նվիրած գրականությանը, ասաց, որ քսան կամ երեսուն գիրք է նվիրել: «Օտարալեզու գրքերի երկրորդ օրինակները գտա տանը և կարծեցի` ավելի լավ է`դրանք այստեղ լինեն»,-շեշտեց նա:
Էմինը հիշեցրեց, որ հետխորհրդային շրջանում Գևորգ Էմինի գործերը Հայաստանում չէին հրատարակվում, ինչը գրողին շատ էր դառնացրել: «Այդ տարիներին Բեյրութում տպվեց «Շատ չեղավ, Աստված» գիրքը, որը ներկայացված է ցուցահանդեսում: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները Հայաստանում հայտնի չեն: Հոբելյանի կապակցությամբ նախատեսում ենք հրատարակել Գևորգ Էմինի ընտիր և անտիպ գործերի ժողովածուն»,-եզրափակեց գրողի ժառանգը: