ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման  խնդրի հետ. Սաֆրաստյան

Armenpress 13:54, 15 Նոյեմբեր, 2019

 ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ամենաթեժ խնդիրը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և տեղակայման հարցն է, սակայն ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը այս հարցում:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին:

«Այս խնդիրը կողմերը որոշել են մի կողմ դնել և թողնել, որպեսզի  իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցությունները ու լուծում գտնեն: Ընդ որում, հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայնում է Թուրքիային վաճառել  «Պետրիոտ»  զենիթահրթիռային համակարգեր: Սկզբում, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան գնել է և տեղակայում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ամերիկացիները հայտարարել էին, որ «Պետրիոտ» ընդհանրապես չեն վաճառելու: Ներկայումս փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան մոտեցումներում»,- ասաց Սաֆրաստյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am