Նոր տարին՝ տնտեսական զարգացման նոր գործիքակազմով. Փաշինյանը ներկայացրեց ակնկալիքները

Armenpress 18:09, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի տնտեսական աճը և ներդրումները խթանելու համար Հայաստանը նոր տարի է մուտք գործելու նոր գործիքակազմերի ներդրմամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ելույթ ունենալով ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը:

«2020 թվական մուտք ենք գործում նոր գործիքակազմերով, որոնցից առանձնանում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք արտահայտում են տնտեսության զարգացման ուղղությունների և ապագայի վերաբերյալ ՀՀ կառավարության պատկերացումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ մասնավորեցնելով, որ դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է: Դրանով կառավարությունը ցանկանում է խթանել այն ուղղությունները, որոնք կոչվում են «բարձր աշխատավարձերով տնտեսության ոլորտներ»:

«Էականորեն իջեցնում ենք բարձր աշխատավարձերի համար եկամտային հարկը, և այդ ուղղությունը շարունակելու ենք: Հունվարի 1-ից ներդրվում է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, իսկ առաջիկա տարիներին կշարունակվի պրոցեսը, և կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում շահութահարկի գծով, և որ կարևոր է՝ միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղությունը՝ առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և գրավչությունը բարձրացնել, նաև՝  ներդնել աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսը ազատելով հարկերից: Մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը՝ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է, գոյություն չունի. եթե ցանկանում ենք, որևէ քաղաքացու օգնել աղքատության հաղթահարման գործում, պետք է նրա համար ստեղծենք աշխատանքի դաշտ»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը:  

ՀՀ կառավարության սոցիալական բլոկի քաղաքականությունը ևս ուղղված է աշխատանքի խրախուսմանը: «Ավելորդ չէ հիշատակել ավելացված արժեքի հարկի, այսպես կոչված, ժամկետանց պարտքերի կամ դեբետների վերադարձի մասին: Տնտեսավարողին հետ է վերադարձվելու 56 միլիարդ դրամի ԱԱՀ ժամկետանց պարտք»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ տնտեսավարողները կվերաներդնեն այդ գումարները տնտեսության մեջ. այդպիսի ընկերությունները կհամարվեն կառավարության գործընկերը:

Իսկ առհասարակ ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017 թվականի համեմատ 2019-ի տասն ամիսներին կրկնապատկվել է: Եթե 2017թ. վերադարձվել էր 54 միլիարդ դրամի ԱԱՀ, 2019-ի տասն ամիսներին՝ 114 միլիարդ դրամ: «Սրանք այն գումարներն են, որ անարդարացիորեն, օրենսդրական բացերի հետևանքով դուրս էին դրվել տնտեսական շրջանառությունից: Դրանք վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ կվերաներդրվեն տնտեսության մեջ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am